Հատուկ գործողության արդյունքում 2018 թ. գարնանը իշխանության բերված գործակալի հիմնական առաքելության առաջին օրվա գլխավոր բանաձևումն էր՝ «եկեք պայմանավորվենք»...
Այդ ժամանակ դեռ չէր բացազատվել ու չէր հիմնավորել, թե պարտությունները կարող են դիտվել նաև որպես հաղթանակներ, իսկ հաղթանակները, միշտ չէ, որ լավ բան են նշանակում։
Այդ ժամանակ հաղթում էինք, մինչև վերջին օրը հաղթում էինք, բայց պարտությունն ի սկզբանե կանխորոշված էր։ Նա հրաշալի գիտեր այդ մասին, գիտեր, բայց արյուն ու կյանքեր էին պետք՝ իշխանությանը մնալու համար:
Հետո կհայտարարի, թե մենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ ենք կանգնած, հետո կգնա կենտրոնական հավաքակայան, որպեսզի կամավոր տղերքին ուղարկի զոհվելու այն տարածքում, որն այդ պահին «Հայաստան էր ու վերջ», բայց հետո կդառնա այլ երկրի տարածք, որտեղ ոչ ոք չպետք է ծառայեր ու զոհվեր։
Հետո Շուշին կդառնա դժգույն քաղաք, Արարատին չնայելու հրաման կտա, Արևմտյան Հայաստանը կփոխանակի Արևմտյան Ադրբեջանի հետ, կգնա Անկարա Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար ու խինդով կգրկի նրա գիրքը: Հետո կհայաթափի Արցախը, նախապես ասելով, թե արցախցիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։
Հետո էլ օր ցերեկով կասի, որ հայության մի հատվածի դեմ ցեղասպանություն իրագործելու հարցում համաձայնության է եկել Ալիևի հետ: Կասի դա բացահայտ կերպով, քաջ գիտակցելով, որ ՀՀ բնակչությանը պատերազմի արդյունքում ու հենց իր միջոցով վերցրել են աքցանի մեջ՝ ահաբեկելով բոլորիս նոր պատերազմով, որի միակ ու արտակարգ կառավարիչն ու կանխարգելիչը հենց իրեն հայտարարելով։
Ես հարցեր ունեմ, որոնք ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր
- Նիկոլ ընտրեցին ու չզղջացին,
- Նիկոլի հետ աշխատում են ու աշխատավարձ են ստանում,
- Նիկոլի ասածին ու գրածին հավանության նշան են դնում,
- Նիկոլի ստերն ու ստախոսությունը որպես ճշմարտություն են ընդունում,
- Նիկոլի արյունոտ ձեռքն են սեղմում,
- Նիկոլի օրոք ապրում են ու լռում, համարելով, որ խաբված լինելն իրենց գործը չի։
Հարցրեք ձեզ, ո՞վ եք դուք, արժանի՞ եք արդյոք ձեր ծնողներին ու ձեր ժառանգությանը, արժանի՞ եք ձեր զավակներին, արժանի՞ եք արդյոք քայլել այն հողի վրա, որտեղ հենց ձեր մասնակցությամբ սպանեցին ճշմարտությունը, բարոյականությունը, ազնվությունն ու պարկեշտությունը։
Սպանեցին նաև հայրենասիրությունը:
ՈՒ շարունակեք այդպես ապրել ձեր բռնաբարված բարոյականությամբ ու մորթված ճշմարտությամբ, գլխահակ, ստորացվածի ու նսեմացվածի կարգավիճակով:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ